Գրող, թատերագետ Անուշ Ասլիբեկյան-Արծրունու «Մերսեդես» և «Կոմիտաս. Լույս երանելի» պիեսները նվիրված են ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին:
«Մերսեդեսը» հանդիսատեսի դատին կհանձնվի մայիսի սկզբին, բեմադրիչն է Հակոբ Ղազանչյանը, ով գլխավոր դերի համար Միացյալ Նահանգներից հրավիրել է հայազգի դերասանուհի Նորա Արմանիին: «Դերասանուհին մեծ բավականությամբ է պատրաստվում այս դերին, քանի որ, ինչպես և բեմադրիչը, զուգահեռներ են տեսնում իրենց պապերի ճակատագրերի հետ»,- մեզ հետ զրույցում ասաց ԱՆՈՒՇ ԱՍԼԻԲԵԿՅԱՆ-ԱՐԾՐՈՒՆԻՆ:
«Կոմիտաս. Լույս երանելի» պիեսը բեմադրվել է Սանկտ Պետերբուրգում (բեմադրիչ՝ Համլետ Հայրապետյան), ներկայացումը ռուսերեն է լինելու, իսկ գլխավոր դերակատարները Ռուսաստանի ժողովրդական արտիստներ են: Պրեմիերան նշանակված է ապրիլի 15-ին:
«Երկու բեմադրություններում էլ հնչելու են ամուսնուս՝ կոմպոզիտոր, երգիչ Վահան Արծրունու ստեղծագործությունները, կոմիտասյան բեմադրության մեջ Վ. Արծրունին նաև գործող անձ է,- հավելեց զրուցակիցս:- Իրականում անչափ շնորհակալ եմ բեմադրիչներին հնարավորության և համագործակցության համար, քանի որ այսկերպ ես կկարողանամ իմ մասնակցությունն ու խոնարհումը ցուցաբերել իմ ազգի պատմության ամենաողբերգական իրողության կապակցությամբ, կատարելով քաղաքացիական պարտքս որպես հայ մարդ և ստեղծագործող: Այս ամենից հետո հավանաբար ի մի կբերեմ պիեսներս մեկ ժողովածուում, բայց դա դեռևս ապագայի պլաններում է»:
Հանդիսատեսը ծանոթ է նաև Անուշ Ասլիբեկյան-Արծրունու առաջին ՝ «Թռիչք քաղաքի վրայով» պիեսի բեմադրությանը՝ Տիկնիկային թատրոնի բեմից (ռեժիոր` Նարինե Գրիգորյան): «Բոլորովին վերջերս ներկայացումը վերադարձավ Իրանի թատերական միջազգային փառատոնից՝ ստանալով նոր հրավերներ, և սա արդեն պիեսի մոտ քսաներորդ միջազգային փառատոնի մասնակցությունն է, այն անընդմեջ հանդիսատես ունի նաև Հայաստանում»,-նշեց զրուցակիցս:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ